понедельник, 12 марта 2012 г.

72-ամյա տատիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 11-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ–փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Համլետ Ամիրջանյանի գլխավորությամբ։

Հրդեհի վայրում են եղել նաև փրկարարական ուժերի վարչության հերթապահ օպերատիվ խումբը՝ Սարգիս Ավետիսյանի գլխավորությամբ և ՃԿԿ օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ։ Հրշեջ–փրկարարներին հաջողվել է կարճ ժամանակամիջոցում մեկուսացնել, իսկ այնուհետև մարել հրդեհը։

Պարզվել է, որ հրդեհի պատճառը գազի բալոնի արտահոսքն է եղել։ Հրդեհի վայրում հավաքված հարևանները Գ. Շամշյանին պատմել են, որ հրդեհի հետևանքով տանտիրուհին՝ 72-ամյա Արմինե Չմբրդյանը, ստացել է այրվածքներ, և իրենք տեղափոխել են տարեց կնոջը «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այրվել է Ա. Չմբրդյանին պատկանող տան խոհանոցի և տանիքի մի հատվածը։ Ըստ բժիշկների՝ Ա. Չմբրդյանի վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։