понедельник, 12 марта 2012 г.

Մոծակների համաշխարհային պատմությունից - հետաքրքիր, մոծակներ,
Իսկ դուք գիտե՞ք՝ մերոնք ինչպիսի հերոսական պատմություն են ունեցել, ի՜նչ քաջագործություններ են գործել… Դե իհարկե, դուք մեղավոր չեք, Մոծակների համաշխարհային պատմություն ոչ դպրոցներում են դասավանդում, ոչ էլ համալսարաններում: Բայց ոչինչ, մենք հիմա այդ բացը կլրացնենք: Սկսեցինք…
Մոծակների պատմությունը սկսվում է ավելի քան 40 միլիոն տարի առաջ: Մենք գոյություն ունեինք դեռ այն ժամանակ, երբ շատ ու շատ կենդանիներ ու միջատներ չէին էլ հայտնվել աշխարհում:
Մոծակները ապրում են ամեն տեղ, ուր մարդիկ են բնակություն հաստատել: Մոծակների հազարավոր տեսակներ տարածված են Երկիր մոլորակի հինգ աշխարհամասերում: Միայն ցուրտ Անտարկտիդան հարմար չէ մեր բնակության համար:
Մոծակները թռչում են 3,2 կմ/ժ արագությամբ: Իսկ թևերը թափահարում են վայրկյանում 500-600 անգամ (որոշ տեսակներ նույնիսկ 1000 անգամ): Այդ թափահարումից է առաջանում այն ձայնը, որը դուք կոչում եք տզզոց…
Իսկ գիտե՞ք, որ բոլոր մոծակները միատեսակ չեն տզզում: Աղջիկ մոծակների տզզոցը տարբերվում է տղաների տզզոցից, բացի այդ «տարիքով» մոծակներն էլ ավելի ցածր ձայնով են տզզում:
Տղա մոծակները մարդկանց չեն «կծում», այլ սնվում են ծաղկի նեկտարով: Իսկ թե ինչպես են նրանք բուսակեր դարձել, դուք արդեն շատ լավ գիտեք, այնպես չէ՞:
Եթե օդում տզզացող մի խումբ մոծակների տեսնեք, վախենալ հարկավոր չէ: Դա տղա մոծակներն են, որոնք հավաքվել են… հարսանիքի: Բա գիտեք, միայն մարդկանց մոտ են հարսանիքներն անցնում այդպես ուրախ…
Մոծակներն էլ մարդկանց պես չեն սիրում շատ շոգ եղանակ և +28°С ավելի ջերմաստիճանի դեպքում թաքնվում են փակ տարածություններում:
Կծող մոծակները՝ այսինքն աղջիկները, ավելի շատ սիրում են կծել հենց աղջիկներին ու կանանց (դե դա այդպես էլ պետք է լիներ): Եվ նախընտրում են շիկահերներին, անգամ եթե նրանք «կեղծ» շիկահերներ են: Բայց ամենից շատ մոծակները փոքրիկ երեխաներին են սիրում:
Մոծակները շատ են սիրում նաև ձեր բնակարաններում վառվող էլեկտրական լույսը: Ահա թե ինչու ներխուժում են ձեզ մոտ երեկոյան ժամերին, երբ մոռանում եք լույսերն անջատել:
Իհարկե, կան նաև բաներ, որոնք մոծակները բոլորովին չեն սիրում, օրինակ՝ մեխակի, էվկալիպտի, կատվախոտի (սա արդեն բոլոր նյարդային մարդկանց ծանոթ «վալերյանկան» է) և ծխախոտի հոտերը: Այնպես որ ահա ձեզ փոքրիկ հուշում, թե ինչպես կարելի է խուսափել մոծակների «ծակոցներից»…