среда, 29 февраля 2012 г.

«Հայ սուպերսթար». Չորեքշաբթին ծանր օր է
Փետրվար 29, 2012 | 19:23 «Հայ սուպերսթար» նախագծի մասնակիցներն ընդհանրապես չեն սիրում չորեքշաբթին: Դա զարմանալի չէ, քանի որ ամեն չորեքշաբթի նրանք ստիպված են ոչ այնքան հաճելի բաներ խոսել ընկերների մասին (իսկ մրցույթի մասնակիցները արդեն հասցրել են միմյանց նկատմամբ ջերմ զգացմունքներով լցվել): Բայց ամենացավալին այն է, որ այդ օրը նրանք ստիպված են բաժանվել իրենցից մեկից: Որքան էլ ծամծմված հնչի, կյանքը սա է, եւ արդեն այսօր պետք է սովորել, որ այն երբեմն բաղկացած է բաժանումների շարքից: Մրցույթը նրանց համար ոչ միայն հնարավոր թռիչքահարթակ է մասնագիտական կարիերայում նոր բարձունքներ նվաճելու համար, այլեւ կյանքի իսկական դպրոց, որտեղ սովորում են հաղթահարել զգացմունքները, մրցակցել` չկորցնելով մարդկային դեմքը:
Մրցույթն ինքնանպատակ չէ, եւ, կարծես, նրանք հասկանում են դա: Քվեարկությունից քվեարկություն ավելի բարդ է դառնում մասնակիցների համար նշել, թե որ մասնակիցն է ամենաթույլը եղել տվյալ համերգին, եւ ով պետք է լքի նախագիծը: Արմեն Մարդանյանի եւ Էլիզաբեթ Ադիկյանի անունները տվյալ համատեքստում հնչել են ամենից հաճախ:
Ժյուրիի անդամների համար ոչ պակաս ծանր է, բայց նրանք արդեն մեծ են, հետեւաբար հասկանում են, որ զգացմունքներն ու անձնական համակրանքը չեն կարող եւ չպետք է խոչընդոտեն օբյեկտիվությանը: Ինչ-որ մեկին պետք է ընտրել, եւ այս անգամ ժյուրիի գնդակոծմանն արժանացավ ժպտերես Ալիզաբեթ Ադիկյանը: Նա պատրաստ էր իրադարձությունների նման զարգացմանը եւ հենց իր անունն էր հայտնել, երբ հաղորդավարը մասնակիցների համար ավանդույթ դարձած «հարցաքննությունն» էր սկսել: Էլիզաբեթը նաեւ նկատեց, թե 60-70-ականների երգերը բավական բարդ էին մասնակիցների համար: Իսկապես դարաշրջանի ոգին, եզակի բացառություններով, ոչ ոք չկարողացավ փոխանցել, թեեւ համերգն, ընդհանուր առմամբ, դրական տպավորություն թողեց:
Ինչ վերաբերում է գլխավոր դատական ատյանին` հանդիսատեսին, նա հերթական անգամ այլախոհություն չցուցաբերեց եւ լիովին կիսեց ժյուրիի եւ նախագծի մասնակիցների կարծիքը: Այսինքն, Էլիզաբեթն Արմենի հետ չխուսափեցին «վտանգավոր գոտում» հայտնվելուց` մասնակիցներից նվազագույն ձայներ ստացածների շարքում: Նրանց ընկերացավ նաեւ Լիանա Արոյանը, ով նախորդ համերգին մյուսներից ոչ պակաս երգեց, բայց թերեւս ոչ այնքան, որ գերեր հանդիսատեսի սիրտը:
Սակայն Լիանան, ինչպես եւ Էլիզաբեթը ստիպված չեղան երկար անհանգստանալ: Ադրենալինի իրենց բաժինն ստանալով` նրանք բարեհաջող միացան «փրկվածների» խմբին: Դե իսկ Արմենը, ինչպես արդեն գուշակեցիք, մնաց բեմում… Բայց միայն նրա համար, որ կատարի իր «հրաժեշտի երգը»` «Ով, սիրուն, սիրունը»:
Հռչակավոր հայկական հիթը, որի հիման վրա, ի դեպ, Հայաստանում նկարահանվել է առաջին տեսահոլովակը, Արմեն Մարդանյանի համար հիրավի մարգարեական դարձավ: