понедельник, 20 февраля 2012 г.

Բնապահպան ակտիվիստները կասեցրեցին շինարարությունը



20.02.2012
Երեւանի Մաշտոցի այգում կրպակների կառուցումը արգելելու պահանջով քաղաքապետարանի առջեւ այսօր բողոքի ցույց անցկացրած բնապահպան ակտիվիստները, վերադառնալով այգի, քիչ առաջ որոշում կայացրեցին սեփական ուժերով կասեցնել շինարարությունը:

Նրանց հաջողվեց ճեղքել կառուցվող կրպակների շուրջ պատ կազմած ոստիկանների դիմադրությունը, հաղթահարել մետաղական արգելափակոցները, եւ մուտք գործել շինհրապարակ:


Այս պահին մի քանի տասնյակ ակտիվիստներ կառուցվող կրպակի ողջ մակերեսով շղթա են կազմել եւ շինարարությունը կասեցվել է: Նրանց հետ բանակցում է Ոստիկանության Երեւանի վարչության հասարական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը: Նա պնդում է, որ ակտիվիստների գործողությունները անօրինական են, որակում է դրանք ինքնիրավչություն, եւ պահանջում ազատել տարածքը` հայտարարելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի օրենքով սահմանված միջոցների օգնությանը:


Ակտիվիստները սակայն պնդում են, որ կազատեն տարածքը միայն եթե ոստիկանությունը ցուցում տա կասեցնել շինարարությունը: