понедельник, 20 февраля 2012 г.

Թուրքիան հրաժարվել է ֆինանսավորել Ստամբուլ- Լա Ռոշել առագաստային ռեգատան

15:05 • 20.02.12


«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը վավերացնելու Ֆրանսիայի որոշման առնչությամբ Թուրքիան հրաժարվում է աջակցել հեղինակավոր առագաստային ռեգատային»,-գրում է անգլալեզու Hurriyetdailynews.com կայքը:
Առագաստանավերով այդ մրցության կազմակերպիչ Olay Nautic ընկերության ներկայացուցիչներն հայտնել են, թե Թուրքիան հրաժարվել է ֆինանսավորել մրցարշավը, որը պետք է սկսվեր Ստամբուլ քաղաքից (մայիսի 5-ին) և ավարտվեր Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում` հունիսի 3-ին:
«Սա քաղաքական հարց է, և մենք որևէ բան անել չենք կարող: Մենք այլընտրանքային տարբերակ ենք փնտրում, քանի որ Բարսելոնա, Լա Ռոշել և Պորթսմութ քաղաքները դեռևս հետաքրքված են մրցարշավով»,- ասել է մրցարշավի մասնակից Միակմախք զբոսանավերի միջազգային ասոցիացիայի (IMOCA)  գործադիր խորհրդի անդամ Գաեթան Գուերուն:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին (դիմումի տակ ստորագրել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 76 և ստորին պալատի՝ Ազգային ժողովի 65 խորհրդարանականները):
Քվեարկությունից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե օրինագծի ընդունումը շատ ծանր հետևանքներ է ունենալու թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար։ Օրինագծի ընդունումից հետո, սակայն, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ապա նաև փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարեցին, թե «Անկարան չի շտապում Փարիզի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում»: Բաբաջանը հավելել էր, թե իբր Թուրքիան սպասելու է վերոնշյալ օրինագծի շուրջ զարգացումներին, ապա համապատասխան քայլեր է ձեռնարկելու։
 Սահմանադրական խորհուրդն օրինագծի առնչությամբ որոշում պետք է կայացնի մինչև մարտի 1-ը, Անկարան, սակայն, սկսել է «գործել»: